Հունաստանի ԱԳՆ-ում, մայիսի 9-ին, կայացել է Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերին նվիրված միջոցառում: Այն կազմակերպվել էր Հունաստանի ԱԳՆ-ի եւ Հունահայկական առեւտրատնտեսական պալատի համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցել է Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնակիցների թվում են եղել Հունահայկական առեւտրատնտեսական պալատի անդամներ, հույն գործարարներ, Հունաստանի ԱԳՆ աշխատակիցներ, օտարեկրյա դիվանագետներ, լրագրողներ:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարաբերությունների եւ համագործակցության զարգացման հարցերով գլխավոր քարտուղար Պ. Միխալոսը, Հունահայկական առեւտրատնտեսական պալատի նախագահ Պ. Չոլաքյանը:
Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերի վերաբերյալ ելույթով հանդես է եկել Հայաստանում Հունաստանի դեսպանության` առեւտրատնտեսական կապերի պատասխանատու Կ. Դասկալոպուլոսը:
Հունահայկական առեւտրատնտեսական պալատի անդամները հույն գործարարներին ներկայացրել են ՀՀ տնտեսության արդի վիճակը, արտահանման եւ ներկրման, ինչպես նաեւ ներդրումային հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների, փոքր եւ միջին ձեռնարկությունների վերաբերյալ տեղեկատվություն:



























