ԱՄՆ-ում գրանցվել է մարդկանց զանգվածային հրաձգության ենթարկելու հերթական դեպքը. Նոր Օռլեանում անհայտ անձինք կրակել են Մայրերի տոնի առթիվ կազմակերպված երթի մասնակիցների վրա: Ներկայումս քննիչները հարցաքննում են ականատեսներին:

Իշխանությունները 10 հազար դոլար պարգեւավճար են խոստացել կրակողների վերաբերյալ ցանկացած տեղեկության համար:  

Ըստ վերջին տվյալների` ողբերգության հետեւանքով տուժել է 19 մարդ: Նրանց մեծամասնությունը, այդ թվում նաեւ 10-ամյա մի աղջիկ, ստացել են կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ: Երեք հոգու վիճակը ծայրահեղ է, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Մայրերի օրվան նվիրված երթին մասնակցում էր 400 մարդ:

Ոստիկանությունը երեք կասկածյալների է որոնում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ըստ CNN-ի` կասկածյալներից մեկը 18-22 տարեկան աֆրոամերիկացի էր` սպիտակ շապիկով եւ կապույտ ջինսով:

NEWSru.com-ը գրում է, որ քննիչները չեն կարծում, թե Նոր Օռլեանի հրաձգությունը ահաբեկչական հարձակում է:  Այդ մասին հայտնել է ՀԴԲ-ի տեղական վարչության ներկայացուցիչ Մերի Բեթ Ռոմիգը: