«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ չի որոշել` վերցնելու է Երեւանի ավագանու մանդատները, թե՝ ոչ: Կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հենց որոշում լինի, կտեղեկացնի:
Նա չմանրամասնեց, թե այդ թեմայով քննարկումներն որ փուլում են, ավելի հավանական որ տարբերակն է եւ երբ կլինի որոշում այդ հարցով:
Նշենք, որ համաձայն ԿԸՀ որոշման` Երեւանի ավագանու անդամներ են ընտրվել.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երեւանի ավագանու 17 անդամ,
«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երեւանի ավագանու 6 անդամ,
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երեւանի ավագանու 42 անդամ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման մեջ նշվում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստման եւ քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:




























