Ադրբեջանի Իմիշլիի շրջանային դատարանը «Ազատություն» ռադիոկայանի տեղական թղթակից Ազեր Ալիին դատապարտել է վարչական տուգանքի` 200 մանաթի չափով: Նույնպիսի պատժի է արժանացել նաեւ ընդդիմադիր Ազգային ճակատի ակտիվիստ Վուղար Գադիրովը:
Նրանք ձերբակալվել էին մայիսի 10-ին, Իմիշլիում, «Դեպո» թաղամասի բնակիչների ակցիայի ժամանակ, որոնք ի նշան բողոքի 150 գլուխ անասուններին դուրս էին բերել քաղաքի փողոցներ:
Ոստիկանության աշխատակիցները փակել էին այդ արտառոց երթի ճանապարհը Հեյդար Ալիեւի պողոտայում, իսկ լրագրողի աշխատանքը խոչընդոտել: Ալին, Գադիրովը եւ մի քանի այլ անձինք ձերբակալվել էին եւ 5 ժամ անցկացրել ոստիկանության բաժնում:
Փաստաբան Ալի Ղասիմլին հայտնել է, որ դատական վճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում:




























