Նորմալ եմ վերաբերվում Երեւանում կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին պահանջը մերժելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը. ԿԸՀ-ն հենց դրա համար էլ գոյություն ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով մայրաքաղաքի ավագանու ընտրություններում գլխավորում էր «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը:
«Հայաստանում ԿԸՀ-ն հենց նրա համար է, որ մերժի ընդդիմության պահանջները եւ անցկացնի այնպիսի ընտրություններ, ինչպիսին ունենք այս պահին: Ես ԿԸՀ-ի մերժումը հիմնավորված չեմ համարում», - նշել է Մարտիրոսյանը:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԿԸՀ հիմնավորումն առ այն, որ հայցը դաշինքն ինքը չէր ստորագրել, լիազորագիր չկար, ուստի հնարավոր չէր պարզել, թե ում է ներկայացնում Լուսինե Պետրոսյանը, Մարտիրոսյանը պատասխանել է, որ տեխնիկական սխալ է եղել. «Այո, մենք պահանջը ճիշտ չենք ներկայացրել, տեխնիկական սխալ է կատարվել: Հնարավո՞ր է, որ ԿԸՀ-ն մի գեղեցիկ օր անձամբ հայտնաբերի թեկուզ մի խախտում, քանի որ ընտրությունների ընթացքում գրանցված խախտումները պարզապես աղաղակող էին: Նման բան մենք հաստատ չենք տեսնի: Մեր պահանջի մերժման պատճառ էր դարձել միայն տեխնիկական կողմը»: Ինչ վերաբերում է` կվերցնեն արդյոք «Բարեւ, Երեւան» դաշինքի անդամներն իրենց մանդատները, ապա, ըստ Մարտիրոսյանի, այդ հարցը կքննակվի, եւ իրենց որոշման մասին կհայտնեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն մերժել էր «Բարեւ, Երեւան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի հայցը` մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Ավելի վաղ Պետրոսյանը գրավոր խնդրել էր տեղափոխել նիստը, որպեսզի հասցնեին մշակել նյութերի 1500 էջերը: ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել էր, որ դաշինքը հայտարարությունը չի ստորագրել, բացակայում է լիազորագիրը, այդ պատճառով էլ հնարավոր չէ պարզել, թե ում է ներկայացնում Լուսինե Պետրոսյանը:
Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով «Բարեւ, Երեւան» դաշինքը ստացել է 65 մանդատներից միայն 6-ը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























