Քաղաքական ուժերն այդպես էլ չկարողացան որեւէ ընտրախախտման մասին փաստեր բերել, բացի բարձրաձայնելուց, ինչը լավ օրից չէ: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Նա նշեց, որ ընդդիմությունը, փոխանակ իր մեջ որոնի, թե ինչու է այդպես լինում, իշխանությանն է մեղադրում: «Մեզ համար դժվար է լինելու մեր տարած հաղթանակը պահել, եթե չունենք ընդդիմություն: Եթե ընդդիմություն չկա, կառավարման մոդելը կիսատ է մնում: Ընդդիմությունը ժողովրդի մեջ տպավորվեց որպես միտինգ անողներ: Ով Ազատության հրապարակում միտինգ է անում, իրեն քաղաքական նոր գործառույթի սկզբնավորող է համարում, բայց մարդիկ հուսահատ վերադառնում են իրենց տները»,- ասաց նա:
Գալուստ Սահակյանը շեշտեց, որ այս ընտրությունները հաստատեցին այն մոտեցումը, թե իշխանությունները պիտի կարողանան կատարել իրենց խոստումները արդյունավետ աշխատանքի միջոցով, որ այդ աշխատանքի արդյունքները պիտի երեւան հասարակության վրա: Պատգամավորը դա իրատեսական է համարում, եթե արտառոց դեպքեր չլինեն:
Անդրադառնալով դիտորդների գնահատականներին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ նրանք եւս որեւէ փաստարկ չունեն, պարզապես կրկնում են ընդդիմության ասածները, իրենք նույնպես, ինչպես ընդդիմությունը, չեն կարողանում հաստատել, որ ընտրակաշառք բաժանելու դեպքեր են եղել։ «Մենք ամենալավը չենք, բայց մեզնից լավն էլ չկա, որպեսզի կարողանա ընտրություն կազմակերպել»,- ասաց նա։
Պատգամավորը ճիշտ չի համարում ամեն օր կրկնել, թե երկրի վերջը եկել է, նրա կարծիքով՝ դրա պատճառով մարդկանց մոտ մոտեցումներ են ձեւավորվում, մտածում են ինչ-որ տեղ գնան, ավելի լավ պայմաններում աշխատեն։
Գալուստ Սահակյանի կարծիքով՝ ժողովուրդը նեղացած է իշխանություններից, պետական համակարգերը պետք է հոգատար լինեն մարդկանց նկատմամբ, պետք է կարողանան հարգել մարդու իրավունքները։ «Եթե ընդդիմություն չկա, մենք համ մեր ընդդիմությունը պիտի լինենք, համ մեր դիմությունը, դրա համար եմ ասում ընդդիմության առկայությունը լուրջ գործոն է պետության զարգացման համար։ Իհարկե, մենք էլ թերություններ ունենք, ովքեր աշխատում են, թերություն ունեն»,- նկատեց նա։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























