Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն, այսօր՝ մայիսի 13-ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի ժամանած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության եւ պարենի նախարար Լեոնիդ Զայացին:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ բնագավառն ունի համագործակցության ընդլայնման մեծ ներուժ եւ անհրաժեշտ է այն մանրամասն ուսումնասիրելով անցնել գործնական քայլերի:

Խոսելով վերջին մեկ տարում գյուղատնտեսության ոլորտում գրանցված արդյունքներ մասին, ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ 2012 թվականին հաջողվել է ոլորտում ապահովել աճ, եւ այդ միտումը կշարունակվի նաեւ այս տարի: Նա միաժամանակ ներկայացրել է նաեւ Հայաստանից Բելառուս թարմ պտուղ-բանջարեղեն, ալկոհոլային խմիչքներ, բնական հյութեր եւ բանջարեղենային պահածոներ արտահանելու հնարավորությունները:

Բելառուսի գյուղատնտեսության եւ պարենի նախարար Լեոնիդ Զայացը փաստել է, որ գյուղատնտեսության ոլորտում իրենց մոտ նույնպես գրանցվել է տնտեսական աճ:

Երկկողմ համագործակցության իրատեսական բնագավառներ համարելով երկրագործությունը, անասնապահությունը եւ վերամշակող արդյունաբերությունը, նա տեղեկացրել է, որ Բելառուսը հնարավորություն ունի Հայաստան արտահանելու ցանկացած հացահատիկային մշակաբույսի սերմացու, հանքային պարարտանյութեր, թունաքիմիկատներ: Հեռանկարային է համարվել նաեւ Բելառուսից Հայաստան կաթնամթերք, միս, թռչուն ներկրելը եւ տեղում դրանց փաթեթավորման եւ իրացման նպատակով համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:

Հետարքրքություն ցուցաբերելով առաջարկի վերաբերյալ, Լեոնիդ Զայացը հրավիրել է Սերգո Կարապետյանին մասնակցելու 2013թ. հունիսին Մինսկում կազմակերպվող «Բելագրա» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին, ուր հնարավոր կլինի ծանոթանալ բելառուսական արտադրության գյուղատնտեսական տեխնիկային եւ վարել բանակցություններ համապատասխան ընկերությունների հետ:

Այսօր նախատեսվում է նաեւ ստորագրել «Հայաստանի գյուղատնտեսության նախարարության եւ Բելառուսի գյուղատնտեսության եւ պարենի նախարարության միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչպես նաեւ «Հայաստանի գյուղատնտեսության նախարարության եւ Բելառուսի արդյունաբերության նախարարության միջեւ համագործակցության զարգացման մասին» փոխըմբռնման հուշագիրը: