Կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը բխում է Հայաստանի շահերից: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

«Հայաստանի ղեկավարության առջեւ կանգնած խնդիրները նուրբ են եւ բազմաշերտ: Մեր երկրի արտաքին քաղաքականությունը միշտ եղել է բազմավեկտոր՝ անկախ նրանից, թե հատկապես որ վեկտորի հետ է եղել մերձեցումը»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ կանխատեսումները վկայում են, որ նման քաղաքականությունը դեռ երկար ժամանակ բխելու է Հայաստանի շահերից:

Դա, նրա խոսքով՝ պայմանավորված է Հայաստանի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, ներառյալ ներգետիկ եւ պարենային անվտանգությունը: «Ուստի արտաքին քաղաքականության վեկտորների վերանայման պատճառ չեմ տեսնում»,-ասաց Զաքարյանը:

ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ իրավիճակի վրա կարող են ազդել տարածաշրջանային մի շարք գործոններ, այդ թվում Թուրքիայի ներգրավումը Մերձավոր Արեւելքի իրադարձություններին, Վրաստանում եւ Ադրբեջանում սպասվող ընտրությունները: «Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա խաղաղարար դերը եւ միջազգային գործընթացներին ակտիվ ներգրավվածությունը առաջ են բերում միջազգային հանրության հարգանքը: Այդ ակտիվության շարքում են «Արեւելյան գործընկերություն» ծրագրում մասնակցությունը, առաջիկա կես տարում ԵԽ Նախարարների խորհրդում նախագահությունը, ինչպես նաեւ գործուն մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,-ամփոփեց Զաքարյանը:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am