Հայաստանի նախագահը, ողջունելով Բելառուսի նախագահին, նշել է, թե Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իր հանդիպումները պարբերական բնույթ են կրում: «Մենք հանդիպում ենք ՀԱՊԿ, ԱՊՀ, նախկինում էլ ԵվրԱզԷս-ի գագաթաժողովների շրջանակներում»,- նշել է նա:

Սերժ Սարգսյանի խոսքով, պարբերական հանդիպումները թույլ են տալիս աշխատանքային ռեժիմում քննարկել եւ լուծել հայ-բելառուսական համագործակցության ընթացիկ խնդիրները:

Միեւնույն ժամանակ նա այցերն անվանել է առաջընթացի գլխավոր խթան. «Հայաստանում Ալեքսանդր Լուկաշենկոն միշտ ցանկալի հյուր է»: Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ մեկ ամսից Հայաստանն ու Բելառուսը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը:

Հայաստանի նախագահը նշել է, թե Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են տարբեր հարցեր`  տնտեսական, աշխարհաքաղաքական, հումանիտար կապերի, հունիսին կայանալիք հերթական նիստի վերաբերյալ:

Բելառուսի պատվիրակության այցի շրջանակներում ստորագրվել են Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, ատոմային անվտանգության ոլորտում համագործակցության, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության եւ այլ համաձայնագրեր եւ հուշագրեր: