Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշման անփոփոխ մնալու մասին: Այսօր` մայիսի 13-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի նախագահը հայտարարել է, որ բելառուսցի իր գործընկերոջը ծանոթացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:
«Ես եւս մեկ անգամ կընդգծեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը խաղաղություն եւ իր պատմական հայրենիքում ազատ զարգանալու հնարավորություն է ցանկանում: Նրանք հավասար հնարավորություններ են ցանկանում այլ ժողովուրդների հետ, որոնք իրենց ինքնիշխանության միջազգային ճանաչման են հասել: Ես վստահեցրել եմ, որ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ, մենք պատրաստ ենք հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը», - նշել է Սերժ Սարգսյանը:




























