Ուկրաինայում վերսկսվել է պատգամավոր Եվգենի Շչերբանի սպանության գործի հետաքննությունը, որին  մեղսակից էին համարում կառավարության նախկին ղեկավար Յուլյա Տիմոշենկոյին, հայտնում է Ուկրաինայի դատախազությունը: Ավելի վաղ Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վլասենկոն հայտնել էր, որ քննությունը դադարեցվել է:

Ըստ դատախազության` քննությունն իսկապես դադարեցվել էր ապրիլի 26-ին, սակայն այսօր` մայիսի 13-ին, այն վերսկսվել է: Քննության դադարը պայմանավորված էր մի քանի երկրներ միջազգային-իրավական հանձնարարականներ ուղարկելով, հայտնում է  «Ինտերֆաքսը»: Այդպիսով,  քննության դադարը տեխնիկական բնույթ էր կրում: 

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Տիմոշենկոյի պաշտպանը մամուլի ասուլիս էր անցկացրել, որտեղ հայտնել էր, որ Շչերբանի սպանության գործի քննությունը դադարեցված է: 

Մինչդեռ  «Ուկրաինսկայա պրավդան», վկայակոչելով իր աղբյուրներին, պարզաբանել է, որ  դատախազության որոշումը կապված է «Չեխիայի Հանրապետոթյունում եւ ԱՄՆ-ում իրավաբանական օգնության հարցումների մերժմամբ» (հավանաբար, նկատի ունեն Չեխիայում գտնվող Տիմոշենկոյի ամուսնուն եւ ԱՄՆ-ում գտնվող նախկին վարչապետ Պավել Լազարենկոյին հարցաքննելու փորձերը):