«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է վերցնել ավագանու մանդատները: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վերջնականապես գերակա դարձավ այն կարծիքը, որ հարյուր հազար երեւանցու տված քվեին հարկավոր է պատասխանել աշխատանքով եւ որակյալ աշխատանքով: «Թեպետ կան այլ կարծիքներ, բայց գերակա դարձավ այդ կարծիքը եւ մեծամասնությունը դրա կողմն է: Մեր ներկայացուցիչները գնալու են Երեւանի ավագանու կազմում աշխատեն, ընդ որում` աշխատեն ոչ թե աշխատասենյակներում, քաղաքապետարանի տարածքում, այլ համայնքներում »,- ասաց մամուլի խոսնակը: Նա նշեց, որ խնդիրները, որոնք բարձրացրել են նախընտրական շրջանում, բարձրացնելու են հիմա, փորձելու են դրանց լուծումները ապահովել
Իսկ թե ովքեր են ԲՀԿ համամասնական ցուցակից ինքնաբացարկ ներկայացնելու եւ ովքեր են գնալու ավագանի, դեռ հայտնի չէ:
Նշենք, որ համաձայն ԿԸՀ որոշման` Երեւանի ավագանու անդամներ են ընտրվել.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երեւանի ավագանու 17 անդամ,
«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երեւանի ավագանու 6 անդամ,
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երեւանի ավագանու 42 անդամ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման մեջ նշվում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստման եւ քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:




























