Մեկնարկել է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ եւ Հայկական բժշկական ինստիտուտի կողմից նախաձեռնված «Հետաքրքրաշարժ կենսաբանություն եւ բժշկություն» խորագրով կրթական արշավը: Կրթական արշավի ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք գիտահանրամատչելի կրթական սեմինարներ տարբեր ԲՈՒՀ-երում: Սեմինարներն անդրադառնալու են բժշկության եւ կենսաբանության տարբեր ոլորտներին առնչվող եւ հասարակությանը հուզող թեմաներին: Մուտքն ազատ է:
Առաջին սեմինարը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 13-ին, ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի դահլիճում: Ելույթներով հանդես եկան՝ Գայանե Նիկողոսյանը, որը ներկայացրել է «Հայաստանի ցատկող եւ լողացող 7 հրաշալիքները» թեմայով զեկույց, եւ Միքայել Առուստամյանը՝ շիզոֆրենիայի վերաբերյալ զեկույցով:
Հաջորդ սեմինարը տեղի կունենա մայիսի 16-ին ժ.15.00 Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եվ իրավունքի ինստիտուտի Երեւանի մասնաճյուղում:
Զեկույցներով ելույթ կունենան Գայանե Կարապետյանը (թեմա՝ Ճարպակալում) եւ Մկրտիչ Սահակյանը (թեմա՝ Արագ սնունդ):




























