Պարզվել է մարտի 15-ի լույս 16-ի գիշերը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղից

«Բերդ» հիվանդանոց ճանապարհին 7-ամյա Անուշի մահվան պատճառը:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` աղջկա մոտ հայտնաբերվել է սուր վիրուսային ինֆեկցիա, որի խորացումից ի հայտ են եկել մյուս հիվանդությունները` թոքաբորբ եւ այլն, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետի հատկանիշներով: Ըստ այդ հոդվածի` քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը.

Հիշեցնենք, որ մարտի 15-ի լույս 16-ի գիշերը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մի ընտանիքի երկու երեխաները` 7-ամյա Անուշը եւ 12-ամյա Գեւորգը, բարձր ջերմությամբ տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն: Ճանապարհին 7-ամյա Անուշը շնչահեղձ է եղել եւ մահացել, ծնողներին հաջողվել է ծանր վիճակում հիվանդանոց հասցնել միայն 12-ամյա Գեւորգին: Եղբոր մոտ հաստատվել էր գրիպի H1N1 տեսակը, բայց նրա վիճակը լավ է եւ օրերս դուրս է գրվել հիվանդանոցից:

Համագյուղացիները պատմել են, որ ընտանիքը ապրում է ծանր սոցիալական պայմաններում, հայրը քաղաքացիական աշխատող է զորամասում, մոր մոտ 2 տարի է` հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, քիմիաթերապիա է ընդունում: Անուշը սովորում էր Արծվաբերդի դպրոցի 2-րդ դասարանում, շատ խելացի եւ դաստիարակված աշակերտուհու համբավ ուներ, Գեւորգը 6-րդ դասարանի աշակերտ է