Մայիսի 15-ին եւ 16-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը: Համերգային ծրագիրն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ «Hollywood Non-Stop»-ն ամերիկյան հանրահայտ ֆիլմերի մեղեդիների ներկայացում է։ Ծրագրում կհնչեն «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Աստղային պատերազմներ», «Առաքելություն» եւ այլ կինոնկարների սաունդթրեքերը։ Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունների կատարման թույլտվությունը հատուկ ձեռք է բերվել ֆիլմերի արտադրողներից:

 «Hollywood Non-Stop»-ը ծրագիրն արդեն վայելում է հանդիսատեսի սերը։ Այն մեկնարկել է 2012 թվականին եւ ներկայացվել երեւանյան ութ բուհում, որտեղ ավելի քան 6000 ուսանող է ունկնդրել հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը։

2013 թվականին «Hollywood Non-Stop»-ը ներկայացվել է նաեւ հանրապետության մարզերում, մասնավորապես՝ Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Արտաշատում։ Այս բոլոր քաղաքներում հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ է ընդունել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները՝ բարձր գնահատելով ինչպես հոլիվուդյան ֆիլմերի մեղեդիների կատարումները, այնպես էլ դասական երաժշտությունը մարզերում ներկայացնելու Երիտասարդական նվագախմբի ջանքերը։

Այս համատեղ ծրագրի նպատակն է մատչելի եւ հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական երաժշտություն:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որը հովանավորում է նաեւ «Hollywood Non-Stop» համերգային նախագիծը։ «Hollywood Non-Stop»-ի գործընկերն է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը։