Երեւանի կրկեսի թատերական կոլեկտիվը, մայիսի 9-12-ը կազմակերպած շրջագայության ընթացքում, որը նախաձեռնել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ելույթներ է ունեցել Լոռիի եւ Տավուշի մարզերի զինծառայողների համար։
Կրկեսի արտիստները զինվորականների համար նախապատրաստել եւ ցուցադրել են հատուկ բազմաժանր ծրագիր, որը նվիրված էր Շուշիի ազատագրմանն ու Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակին։ Ծրագրում, որը հատուկ այս տոնական շրջագայության համար նախապատրաստել էր Լեոնիդ Ենգիբարյանի անվան Երեւանի կրկեսային ստուդիայի ղեկավար Նաիրա Պետրոսյանը, նախատեսվել էին էկվիլիբրիստների, ծաղրածուների, ձեռնածուների եւ աճպարարների ելույթներ։ Հանդիսատեսին առանձնապես դուր եկան պլաստիկ ակրոբատ Մարիա Մկրտչյանի "Պլաստիկ էտյուդ" համարը, ծաղրածու Էմիլ Օհանյանի եւ օրիգինալ ժանրի արտիստուհի Անի Գասպարյանի ելույթները։ Զինվորական հանդիսատեսի խնդրանքով նշված արտիստները կրկնեցին իրենց ցուցադրած համարները։ Հավելենք, որ ՀՀ ՊՆ նախաձեռնությամբ կրկեսային կոլեկտիվի ելույթներ են նախատեսված երկրի այլ մարզերում տեղակայված զորամասերի զինծառայողների համար նույնպես։
Քանի դեռ Երեւանի կրկեսի շենքը պատրաստ չէ, կոլեկտիվը կանոնավոր արտագնա համերգներ է կազմակերպելու։ Մասնավորապես, կրկեսայինն կոլեկտիվը նախատեսում է ամիսը մեկ անգամ ելույթ ունենալ Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Իսկ կրկեսի շենքը, որ կառուցվում է իր հին տեղում, ծրագրված է շահագործման հանձնել մինչեւ 2014 թ. տարեվերջ։ Կրկեսի նոր շենքի վերջնական նախագիծը, որի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը, օրերս հաստատվել է։ Կրկեսի նոր շենքի արտաքին մի շարք մանրամասներ հին շինությունն են հիշեցնելու։ Սակայն նոր շենքը համապատասխանելու է այդ կարգի կառույցների համար եղած արդի միջազգային չափանիշներին եւ նախկին 1560 ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի այդ 3 փոխարկվող մանեժ է ունենալու։ Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու եւ հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով։ Հիշեցնենք, որ Երեւանի կրկեսի շենքը որոշվեց քանդել այն բանից հետո, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։




























