Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանն, այսօր՝ մայիսի 13-ին, ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետազոտական խմբի անդամներին` JICA-ի Ուզբեկստանի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Յուկիհիկո Էջիրիի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում սողանքների կառավարման ծրագիրը, որում ներգրավված կլինեն նաեւ JICA-ի փորձագետները:

Խոսելով հետազոտական խմբի այցի նպատակների մասին` Յուկիհիկո Էջիրին մասնավորապես ասել է. «Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին է սողանքային իրավիճակը Հայաստանում: JICA-ն արդեն երկրորդ հետազոտական խումբն է ուղարկում Հայաստան: Այս ընթացքում, ծրագրի մանրամասները քննարկելով, մենք կհաստատենք այն: Ուրախ ենք, որ այս ծրագրի շրջանակներում համագործակցելու ենք ՀՀ ԱԻ նախարարության հետ:

Շարունակելով թեման Ս. Ազարյանը նշել է. «Հայաստանում մեծ քանակությամբ սողանքային տեղամասեր կան` մոտ 3000, որոնցից 300-ը բավականին ակտիվ են: Մեր գլխավոր նպատակն է ստեղծել սողանքների կառավարման պլան, իսկ առավել վտանգավոր սողանքների դեպքում` ավտոմատ կերպով իրականացնել մոնիթորինգ»:

ՓԾ տնօրենը ներկայացրել է սողանքային իրավիճակը Հայաստանում եւ ավելացրել, որ ծրագրի շրջանակներում ճապոնական գործակալության կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունը շատ գնահատելի եւ օգտակար կլինի: Ծրագրի հայեցակարգը քննարկելուց հետո հետազոտական խմբի ղեկավարի տեղակալ Քենջի Յանոն նշել է. «Մեկ ամսվա ընթացքում կքննարկենք ծրագրի շրջանակներում փոխգործակցության բոլոր մանրամասները: Կարծում եմ` շատ արդյունավետ ծրագիր կստացվի եւ սողանքների կառավարումը Հայաստանում առավել կազմակերպված եւ արդյունավետ կդառնա»:

Հանդիպման ավարտին կողմերը որոշել են ոլորտի մասնագետների հետ ծրագրի վերաբերյալ քննարկում անցկացնել, ինչի արդյունքում պարզ կդառնա, թե ճապոնական գործակալությունն ինչպիսի տեխնիկական աջակցություն կարող է տրամադրել հայկական կողմին: