Այսօր` փետրվարի 26-ի առավոտյան Ստամբուլի ոստիկանությունը թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում իրականացված գործողության արդյունքում ձերբակալել է թուրք հայտնի փոփ երգիչ Տարկանին:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, երգչի հետ ոստիկանությունում են հայտնվել նաեւ մի քանի այլ թուրք ճանաչված մարդիկ: Ներկայումս նրանց հարցաքննում են: Ընդ որում, ձերբակալվածներին դեռ որեւէ մեղադրանք չի առաջադրվել:

Տարկանը Թուրքիայում ամենահայտնի փոփ-կատարողներից է, ում երգերը երկար ժամանակ գլխավորել են եվրոպական երաժշտական հիթերը: Ինչպես գրում է Washington post-ը, Ստամբուլի ոստիկանությունը հաճախ է հատուկ գործողություններ իրականացնում՝ ուղղված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: Թուրքիան ինչ-որ իմաստով թմրամիջոցների տարանցման կայարան է` Մերձավոր Արեւելքից ու Ասիայից դեպի Եվրոպա թմրամիջոցների տեղափոխման ճանապարհին:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 12-ին Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկ Մեհմեդ Էրդողանը: Նա առնչություն էր ունեցել 50 կգ թմրամիջոց տեղափոխելու գործին: