Մայիսի 13-ին Փարիզում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ  Ֆրանսիային եւ Հայաստանին միավորում են առանձնաշնորհյալ հարաբերությունները, որոնք խարսխված են հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների ավանդական բարեկամության վրա, եւ բնական է, որ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելուց հետո նա իր առաջին այցելություններից մեկը կատարում է  բարեկամ Ֆրանսիա:

Նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ երկկողմ  փոխհարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում, առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձեւավորված է լայն իրավապայմանագրային դաշտ, ֆրանսիական ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ, ակտիվ համագործակցություն է ընթանում գիտակրթական եւ մշակութային ոլորտներում: 

Նախարարներ Նալբանդյանն ու Ֆաբիուսը ընդգծել են տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման կարեւորությունը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճը եւ այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները:

Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ  ձեռնարկվելիք քայլերին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Եվրոպայի խորհրդում Հայաստանի ստանձնելիք նախագահությանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը: 

Բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ կատարվեց Իրանի միջուկային ծրագրին, սիրիական ճգնաժամի լուծման նպատակով ձեռնարկվող ջանքերին։