Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարություններում կեղծիք են որակել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը «ռուս զինծառայողի վիրավորման մասին»:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է, թե դա սուտ է: «Բացի այդ, հայկական կողմը չի օգտվում վարձկանների ծառայությունից ի տարբերություն ադրբեջանական կողմի»:

ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն իր հերթին նշել է, թե տվյալ հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է:

Նշենք, որ այսօր APA-ն հայտնել էր, իբր դեռ ապրիլի 25-ին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գծում վիրավորվել է «ոմն ռուս զինծառայող, որը զբաղվում է դիվերսիոն խմբերի եւ հայ դիպուկահարների պատրաստմամբ»: Նույնիսկ նշվում էր ազգանունը` Բոլոտնիկով:

Ադրբեջանական կողմը որեւէ փաստացի ապացույց չէր բերել եւ նույն հաջողությամբ կարող էր նշել Իվանով կամ Սիդորով: