Թանգարանների միջազգային  օրվա առթիվ` մայիսի 18-ին,  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում եւ արգելոց-թանգարաններում մի շարք միջոցառումներ կիրականացվեն:  Մասնավորապես Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի դպրոցի 5-6-րդ դասարանների աշակերտները կայցելեն  Նորավանք վանական համալիր ու Մոմիկի թանգարան, «Արփի» բնապատմական արգելոցում նախատեսված է  բաց դաս անցկացնել Վայոց ձորի մարզի  բուսական եւ կենդանական աշխարհը» խորագրով:  Ավագ դասարանների աշակերտներին կներկայացվի նաեւ ««Արփի» բնապատմական արգելոցի քարանձավները» թեմայով զրույց-էքսկուրսիա:

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանը կհյուրընկալի Վերնաշեն գյուղի  դպրոցականներին: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում էլ  նախանշված է  «Մեր պարերը եւ մենք» կրթամշակութային ծրագրի իրականացում:

«Զորաց քարեր» բնակատեղի» պատմահնագիտական արգելոցում կկազմակերպվի «Հուշարձանը` որպես պատմական տարածք» թեմայով դասախոսություն:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի Խաչիկ ծայրագույն վարդապետ Դադյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես: Առաջին անգամ կներկայացվեն ՀՀ ազգային արխիվում պահվող` պեղումների ընթացքը լուսաբանող նյութերի, փաստաթղթերի, նամակների, լուսանկարների կրկնօրինակներ, գրքեր, հոդվածներ եւ այլ  նյութեր:

«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում գյուղի հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանների եւ Ստեփանավանի թիվ 6 դպրոցի աշակերտների համար բաց դաս կանցկացվի  Լոռի բերդ ամրոցի պատմության եւ ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի թանգարանային ցուցադրության հայեցակարգի վերաբերյալ: «Թանգարանը` որպես ոչ ֆորմալ կրթության կենտրոն» ծրագրով  Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտները կմասնակցեն պեղումների,  գտածոների մաքրման, ամրակայման, վերականգնման, տարածքի էկոդիտարկման իրականացման  աշխատանքների:

Նախանշված մեկ այլ ծրագրի` Երիտասարդ թանգարանագետների գիտաժողովին կմասնակցեն  ու զեկուցումներով հանդես կգան  «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վարիչ Ա. Զաքյանը, ՊՈԱԿ-ի գիտաշխատող Դ. Պողոսյանը: