«Հայաստանի Սոցիալիստական շարժում»-ը սատարում է Ազատության հրապարակում նստացույց հայտարարած մի քանի տասնյակ ազատամարտիկներին, որոնք պահանջում են վերանայել իրենց կենսաթոշակի հաշվարկման կարգը:

Այս առնչությամբ «Հայաստանի Սոցիալիստական շարժում»-ը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է.

«Հայաստանի Սոցիալիստական շարժում»-ը կիսում է ձեր այն տեսակետը, որ այսօր Հայաստանում արժանվույնս չեն գնահատվում ազատամարտիկները, եւ նրանց մասին կազմած կարծիքները չեն արտացոլում իրականությունը:

Մենք գտնում ենք, որ դուք արժանի եք էլ ավելի վեհ գնահատականների, ինչը սակայն չի բարձրաձայնվում ներկայիս իշխանությունների կողմից: Հասկանում ենք նաեւ, որ դուք պատերազմական ժամանակահատվածում պետական շահը վեր եք դասել անձնականից, կռվել եք անձնվիրաբար, եւ այսօր հենց ձեր եւ ձեր նմանների շնորհիվ է, որ ապրում ենք առանց պատերազմի, խաղաղ երկնքի տակ:

Հավատացած եղեք, որ «Հայաստանի Սոցիալիստական շարժում»-ը միշտ կկանգնի ձեր կողքին, միշտ կկիսի ձեր մտահոգությունները, քանզի այսօր հենց մենք ենք միակ ընդդիմությունը Հայաստանի Հանրապետությունում:

Այսօր մենք այն միակ ուժն ենք, որը երբեւէ չի գնացել եւ չի էլ գնալու որեւէ համագործակցության ներկայիս կապիտալիստական, քրեաօլիգարխիկ համակարգի որեւէ տարրի կամ խմբավորման հետ: Մենք մեր գործունեության հիմքում տեսնում ենք միայն եւ միայն պետական շահը:

Եկեք չմոռանանք, թե ինչպես էին մեծարում ԽՍՀՄ հերոսներին` շարքային զինվորականից մինչեւ մարշալ, թե ինչպես էին Սոցիալիստական Հայաստանում անցկացվում բոլոր ռազմահայրենասիրական միջոցառումները, եւ թե ինչ փառքի էին արժանանում պատերազմի վետերանները, որոնք լիովին պաշտպանված էին պետության կողմից ցանկացած հարցերով:

Ցավով ենք նշում, սակայն այսօր մեզ պետք չեն շքանշան գողացող, առնող, փախնող եւ անգրագիտության տիպար հանդիսացող գեներալներ: Մենք գտնում ենք, որ գեներալի մեջ պետք է արտացոլվի երկրի դեմքը, այլ ոչ թե վերջինիս գողական ռազբորկաները կամ միլիոնները: Ի վերջո պետք է կարողանանք տարանջատել հոգով եւ սրտով մեր երկրին նվիրված ազատամարտիկներին:

Մենք հավաստիացած ենք, որ մեր երկրին հուզող այլ հարցերի շուրջ մենք նույնպես կգանք համաձայնության, եւ երկիրը ի վերջո դուրս կբերենք փակուղուց:

Փառք ու պատիվ ձեզ մեր սիրելի ազատամարտիկներ եւ վետերաններ»:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Ազատության հրապարակում նստացույց են հայտարարել մի քանի ազատամարտիկներ, հետագայում նրանց թիվը հասել է 30-ի: Նրանք պահանջում են վերանայել իրենց կենսաթոշակի հաշվարկման կարգը եւ արժանապատիվ թոշակ նշանակել: