Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել դեսպանի աշխատանքը՝ հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման գործում: «Այս տարիների ընթացքում ստեղծվել է լավ հիմք՝ երկկողմ հարաբերությունների ընլայնման եւ խորացման համար: Մեզ համար օրինակելի է Շվեյցարիայի փորձը տարբեր ոլորտների զարգացման ուղղությամբ, ուստի մեծապես կարեւորում ենք երկկողմ փոխգործակցության ամրապնդումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Զրուցակիցները կարեւորել են Սյունիքի մարզում իրականացվող գյուղական համայնքների եւ անասնապահության զարգացման ծրագրերը, որոնց նպատակը ֆերմերային տնտեսություններին աջակցելն է:
Դեսպանը տեղեկացրել է, որ Շվեյցարիայի կառավարությունն այս ծրագրի իրականացման նպատակով 2013 թվականին հատկացրել է 8 մլն դոլար՝ նախորդ տարվա 4 մլն-ի փոխարեն:
Կոնստանտին Օբոլենսկին կարեւորել է հատկապես երկկողմ տնտեսական կապերի սերտացումը եւ հույս հայտնել, որ նորաստեղծ հայ-շվեյցարական առեւտրային պալատն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու պետությունների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու համար եւ մաղթել նրան նորանոր հաջողություններ:



























