«ԿԱՐԱՍ» ընկերությունը ռեստորանների եւ բիստրոների ցանցը հայտարարել է ռեբրենդինգի մասին։ Ինչպես այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ռեբրենդինգի հայեցակարգը մշակած Gmarketing մարքեթինգային գործակալությունից, այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «ԿԱՐԱՍ» ընկերության հիմնադիր Տիգրան Յուզբաշյանը։ Ըստ նրա՝ ռեբրենդինգը, որը խորհրդանշական կապ ունի ընկերության 8-ամյակի հետ, կազդի ոչ միայն ընկերության արտաքին կերպարի, այլ նաեւ ցանցի գործունեության հիմնական բաղկացուցիչ մասերի վրա:
«Ռեբրենդինգի անցկացման որոշումը պայմանավորված է 2013-2014թթ. ամբիցիոզ բիզնես նպատակներով՝ այն է պահպանել եւ ամրապնդել առաջատար դիրքերը ոլորտում, ինչպես նաեւ զարգացնել ընկերությունը՝ հաճախորդների ժամանակակից պահանջներին համահունչ: Մեր ընկերությունը նախատեսում է զարգացման նոր փուլ սկսել, որը հիմնված կլինի նախորդ տարիների ձեռքբերումների վրա, որոնք, կարծում եմ, քիչ չեն մեզ մոտ: Բացի այդ, ռեբրենդինգի անցկացման պատճառներից մեկը վերջին ժամանակահատվածում մրցակիցների կողմից բրենդի կրկնօրինակման հարցն է: Մենք մեր առջեւ խնդիր դրեցինք՝ ապահովել բրենդը յուրահատուկ ֆիրմային ոճով՝ կրկին մի քանի քայլ հետ թողնելով կրկնօրինակող մրցակիցներին», - նշել է ընկերության հիմնադիր Տիգրան Յուզբաշյանը:
Յուզբաշյանի խոսքով՝ ռեբրենդինգը կազմված է երկու մասից` բրենդի արտաքին թարմացում եւ ներքին գործընթացների կատարելագործում:
Արտաքին փոփոխությունը փոփոխված ֆիրմային ոճն է, ռեստորանների եւ բիստրոների նոր ձեւավորումը, նոր լոգոտիպը: Ընկերությունը պահպանել է ապրանքային նշանի անվանումը, որը բավականին ճանաչված է հայկական շուկայում, սակայն փոխել է լոգոտիպը` դարձնելով այն ավելի ժամանակակից, դինամիկ, հաճախորդների ընկալմանն ավելի մոտ: Իսկ ահա ընկերության ներքին գործընթացների կատարելագործումը բավականին երկար եւ լավ պլանավորված գործընթաց է: Այն ենթադրում է հաճախորդների սպասարկման չափանիշների, ապրանքատեսականու թարմացում, անձնակազմի ուսուցում, ինչպես նաեւ վերջիններիս հետ կապված բիզնես գործընթացներ: Նախատեսվող փոփոխությունների առանցքային ասպեկտներից մեկը նոր ֆորմատի ռեստորանի ներդրումն է` «ԿԱՐԱՍ Auto» (drive thru), որը կմեկնարկի այս տարվա օգոստոսին, ինչպես նաեւ Լոյալության Ծրագիրը` սեպտեմբերին:
«Շատ կարեւոր է նշել, որ նախատեսվում է փոխել ոչ միայն սպասարկման կետերի ցուցանակները, այլեւ անցկացնել համալիր միջոցառումներ, որոնք առաջին հերթին կանդրադառնան բիզնեսի կառավարման թարմացված մոտեցումների ներդրման վրա, այն է` ավելի հստակ հաճախորդամետություն ընկերության բոլոր բիզնես գործընթացներում: «ԿԱՐԱՍ» ցանցի ռեբրենդինգի շրջանակներում որդեգրվող հաճախորդամետ ռազմավարությունը մեկ օրվա աշխատանք չէ: Այս գործընթացն արդեն մեկնարկված է եւ կշարունակվի առաջիկա վեց ամիսների ընթացքում»,- ասել է ընկերության հիմնադիր Աշոտ Հարությունյանը:
Բրենդի տեսլականը. «Լինել մասսայական ազգային սննդի բրենդը»: Առաքելությունը. «Նպատակ ունենալով սպասարկել հասարակության առավել լայն հատվածին ժամանակակից կյանքի ռիթմին համահունչ` մենք առաջարկում ենք ավանդական ազգային խոհանոցի ընտրանին` խնայելով մեր հաճախորդների ժամանակն ու տրամադրելով գնի եւ որակի լավագույն համադրությունը»: Արժեքները. «հասանելի», «պատասխանատու», «լավագույն առաջարկ», «ժամանակակից», «ազգային», «արագ»:
Բացի այդ, «ԿԱՐԱՍ»-ն այժմ ունի կարգախոս` «Ես ընտրում եմ քեզ»: Իսկ այսուհետեւ այն կանվանվի ոչ թե «Թոնրատների Ցանց», այլ «Ազգային Սննդի Ցանց»:
«Պատմելով «ԿԱՐԱՍ» ընկերության նոր իմիջի գլխավոր վիզուալ բաղկացուցչի` լոգոտիպի մասին, կարող ենք ասել, որ այն փոփոխվել է, ավելացել է եւս 1 ֆիրմային գույն, փոխվել է տառատեսակը, սիմվոլների պատկերը: Լոգոտիպը դարձել է ժամանակակից, դինամիկ եւ յուրօրինակ: Այն ամբողջովին արտացոլում է նախատեսված որակական փոփոխությունները եւ ցանցի առաջ գնալու ձգտումները: Սակայն անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել այն հանգամանքի վրա, որ լոգոտիպում մնացել է, թեեւ ձեւափոխված կերպով, կարասի խորհրդանիշը: Սա վկայում է այն մասին, որ ընկերությունը պահպանում է բոլոր լավագույն կողմերը, որոնք ուներ ռեբրենդինգից առաջ` պրոֆեսիոնալների թիմը, փորձը, հայկական շուկայում արագ զարգանալու եւ սեփական ոլորտում առաջնային դիրք ունենալու ցանկությունը»,- ասել է Gmarketing մարքեթինգային գործակալության տնօրեն Մարիամ Հարությունյանը, որի հետ համատեղ մշակվել է ԿԱՐԱՍ նոր բրենդի հայեցակարգը:
Նշենք, որ «ԿԱՐԱՍ» ցանցը հիմնադրվել է 2005թ. Հայաստանում: Առաջին կետը դարձավ «ԿԱՐԱՍ» բիստրոն Աբովյան քաղաքում: Հետագայում բացվեցին եւս 4 բիստրոներ Երեւան քաղաքի տարբեր համայնքներում եւ 2 ռեստորան քաղաքի կենտրոնում: 2008թ-ից ընկերությունը մեկնարկեց սեփական առաքման Ծառայությունը, որն այսօր խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Յուրաքանչյուր ամիս «ԿԱՐԱՍ»-ը սպասարկում է ավելի քան 55 հազար հաճախորդի:




























