Երեւանում, «Արամե» պատկերասրահում, մայիսի 18-ին կբացվի 27 ժամանակակից հեղինակների շուրջ 60 աշխատանքներ (44 գեղանկար եւ 15 քանդակ) ներկայացնող ցուցահանդեսը: Այն նվիրված է «Արամե» պատկերասրահի հիմնադրման 10-ամյակին:

Ցուցահանդեսի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ պարբերաբար ներկայացվող ֆիգուրատիվ արվեստի հետ մեկտեղ  այս անգամ ներկայացված են նաեւ ժամանակակից աբստրակցիոնիստների գործեր, ինչը հնարավորություն է տալիս ավելի ամբողջական պատկերացում տալու հայ արդի կերպարվեստում տեղի ունեցող գործընթացների եւ նոր զարգացումների մասին:

Արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու  մեր ժամանակակից  ճանաչված ստեղծագործողների՝ Ռոբերտ Էլիբեկյանի, Ռուբեն Աբովյանի, Սարգիս Համալբաշյանի, Էմիլ Գազազի, Գաբրիել Մանուկյանի, Տարոն Մուրադյանի,Արմեն Գեւորգյանի, Տիգրան Մատուլյանի, Ռուբեն Գրիգորյանի եւ այլոց նոր աշխատանքներին:

Հեղինակներից յուրաքանչյուրը վառ ու ինքնատիպ անհատականություն է, որի ստեղծած արվեստը հնարավոր չէ շփոթել որեւէ այլ հեղինակի հետ: Նրանցից շատերը ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում, արտերկրի մի շարք  հեղինակավոր թանգարաններում ու պատկերասրահներում եւ նրանք արդեն իրենց արժանի տեղն են գրավել հայ արվեստի հարուստ տարեգրության մեջ:

Գաղտնիք չէ, որ մասնավոր պատկերասրահի կենսունակության եւ արդյունավետ գործունեության նախապայմաններից մեկը գեղանկարիչների ուժեղ եւ մնայուն կազմ ձեւավորելն է, նրանց  հետ երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցությունը, նրանց արվեստը տեղական եւ միջազգային բեմերում պատշաճ մակարդակով ներկայացնելը եւ դրանով իսկ նրանց հասարակական ճանաչմանը նպաստելը:

2003-ին հիմնադրելով «Արամե պատկերասրահը», առաջնորդվել ենք հենց այդ սկզբունքներով, փորձել ենք  բարձրացնել հասարակության հետաքրքրությունը կերպարվեստի նկատմամբ: Այդ նպատակով ծավալել ենք գովազդային հրատարակչական բազմաբնույթ աշխատանք, կազմակերպել գեղանկարիչների անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ, նրանց աշխատանքները ներկայացրել միջազգային հեղինակավոր արտէքսպոներում եւ օտարերկրյա պարբերական հրատարակություններում:

Մեր աշխատանքի ընթացքում մենք առաջնորդվել ենք նաեւ այն համոզմունքով, որ մեր ժամանակակից կերպարվեստը հայ մշակույթի ամենազորեղ ոլորտներից է,որով մենք կարող ենք հպարտորեն դուրս գալ միջազգային բեմ եւ բարձր գնահատանքի արժանանալ:

Նշենք, որ Հայաստանում առաջին մասնավոր պատկերասրահները ծնունդ են առել անկախացումից հետո` 1990-ական թվականներին, նպաստելով հանրապետության մշակութային կյանքի աշխուժացմանը: Դրան զուգընթաց գործարար շրջանակներում   զարգացում էին ապրում արվեստի գործերի մասնավոր հավաքածուներ ձեւավորելու ավանդույթները, աճում էր արվեստի գործեր ձեռք բերելու եւ այդ ոլորտում ներդրումներ կատարելու կարեւորությունը:

Ցավոք,հետագա տարիներին մասնավոր պատկերասրահների մի մասը չդիմացավ ժամանակի փորձություններին: Նրանց փոխարինելու եկան նորերը` իրենց հետ բերելով աշխատանքի կազմակերպման նոր գաղափարներ ու սկզբունքներ: