Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Սուրեշ Բաբուի հետ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Տարոն Մարգարյանն ընդգծել է հայ–հնդկական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը եւ կարեւորել կապերի ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը Դելիի եւ Հնդկաստանի քաղաքների հետ:
«2008 թվականին Երեւանի եւ Դելիի միջեւ ստորագրված բարեկամության մասին փոխըմբռնման հուշագիրը երկու մայրաքաղաքների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու լայն հնարավորություններ է ընձեռում, մասնավորապես քաղաքային տնտեսության կառավարման, ներդրումային ծրագրերին հնդկական կողմի մասնակցության, փորձի փոխանակման եւ տեխնիկական աջակցության ուղղություններով»,- հատկանշել է քաղաքապետը` կարեւորելով համատեղ ծրագրերի իրագործման հարցում ՀՀ-ում Հնդկաստանի եւ Հնդկաստանում ՀՀ դեսպանների առաքելությունը:
Դեսպան Սուրեշ Բաբուն, շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երեւանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, նշել է, որ հնդկական կողմը շահագրգռված է զարգացնելու Երեւանի հետ հուշագրով ամրագրված դրույթները եւ քայլեր ձեռնարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման ուղղությամբ.
«Արդեն հասցրել եմ շրջել, ծանոթանալ քաղաքին եւ սիրել Երեւանը: Համոզված եմ, որ Ձեր հետեւողական աշխատանքի շնորհիվ Երեւանն ավելի գրավիչ կդառնա ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ օտարերկրացի ներդրողների համար»,- նշել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը:
Կողմերը քննարկել են նաեւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հնդկաստանի անվան այգու կառուցման հետ կապված հարցեր: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում կանաչ գոտիների ընդլայնման նպատակով վարչական բոլոր շրջաններում տասնյակ այգիներ ու պուրակներ են վերակառուցվում, նաեւ հիմնվում են նորերը, եւ նման ծրագրի իրականացման գործում քաղաքապետարանը պատրաստ է իր իրավասությունների շրջանակում մշտապես աջակցել դեսպանությանը:



























