NEWS.am-ը ներկայացնում է «The Sacramento Bee»-ում հրապարակված ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանահայ փախստական, «Ոչ մի տեղ. վտարման պատմություն» գրքի հեղինակ Աննա Աստվածատրյան-Տերկոտի հոդվածը որոշ կրճատումներով:
Քսանհինգ տարի առաջ իրադարձությունները, որոնք հետագայում կոչվեցին «սումգայիթյան ջարդեր», տեղի ունեցան իմ հայրենի երկրում` այն ժամանակվա Խորհրդային Ադրբեջանում: Դրանք ուղղված էին հայ ժողովրդի դեմ: 1990թ. հունվարին բռնությունը հասավ իմ տանը` մայրաքաղաք Բաքվում, որտեղ ես ծնվել եւ ապրել եմ: Ամբոխը տեղեկացված էր, որտեղ էին ապրում հայերը եւ վիրաբուժական ճշգրտությամբ գրոհում էր միայն հայերի տները: Դաժան մահով զոհվեցին անմեղ մարդիկ: Ես ու իմ ընտանիքն առավել հաջողակ էինք, քանի որ դրանից մի քանի ամիս առաջ էինք լքել քաղաքը` ավելի քան մեկ տարի վախի պայմաններում ապրելուց հետո:
Քսանհինգ տարի անց Լեռնային Ղարաբաղը նախկինի պես պայքարում է իր անկախության համար: Թեեւ Ղարաբաղի հայերը լիակատար վերահսկողություն ունեն իրենց սահմանների նկատմամբ, ունեն իրենց ժողովրդավարական եղանակով ընտրված կառավարությունն ու սահմանդրությունը, ինչպես նաեւ սեփական բանակն ու գործող տնտեսությունը, իրականությունն այսօր այնպիսին է, որ Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանչաված չէ: Ղարաբաղում ժողովրդավարության եւ թափանցիկության երկու տասնամյակը, անկասկած, հիմք կհանդիսանա նրա ազատ եւ անկախ ապագայի համար: Սակայն հստակ է, որ դա բավարար չէ:
Ադրբեջանում մեծանում է երեխաների սերունդ, որոնք դպրոցում սովորեցնում են, թե հայերը հրեշ են: Հակահայկական քարոզչությունն այդ երկրի կառավարության մասն է:
Հիմա Ադրբեջանն ազատ է հայերից: ԱՄՆ պետքարտուղարությունն ամերիկահայերն զգուշացնում է զերծ մնալ Ադրբեջան այցելությունից` նշելով, որ կառավարությունը չի կարող երաշխավորել հայերի անվտանգությունը: Իմ հնգամյա որդին չի հասկանում, թե ինչու չի կարող տեսնել իր մայրիկի հին տունը: Նա ցանկանում է տիեզերանավ պատրաստել, որպեսզի ես կարողանամ եւս մեկ անգամ այցելել իմ հայրենի քաղաք: Ես պատասխանում եմ. «Արմեն, իմ տունն այնտեղ է, որտեղ դու անվտանգության մեջ ես, իմ հայրենեի քաղաքը վաղուց չկա»:
Անցած տարվա դեկտեմբերին ես պատիվ ունեցա հրավիրվել Կապիտոլումի բլուր Լեռնային Ղարաբաղի 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Մինչ այդ ես մասնակցել էի նաեւ Վաշինգոտոնում «Jamestown Foundation»-ի կազմակերպած միջոցառմանը, որը բավականին ինտրիգող ` «Ադրբեջանում միջդավանաբանական հարգանքն ու երկխոսությունը» անվանում ուներ, որին մասնակցում էր նաեւ Ադրբեջանի դեսպան Իսկանդերովը: Երբ դեսպանին հարցրեցի հայերի նկատմամբ անհանդուրժողականության եւ բռնության ու այն մասին, թե ինչպես է այդ իրականությունը համընկնում իր երկրի վերաբերյալ նրա պատկերացումներին, դեսպանը ինձ հրավիրեց Բաքու եւ ասաց, որ տասնյակ հազար հայեր դեռ ապրում են այնտեղ: Եթե հայերը ցանկանում են եկեղեցի բացել, ապա Իսկանդերովն ասաց, որ նրանց հարկավոր է միայն այդ մասին տեղեկացնել կառավարությանը:
Ինչպես կարելի է ակնկալել, որ երկիրը, որն անհավանական կանխակալ է հայերի նկատմամբ, կարող է վերահսկողություն ունենալ 99 տոկոսանոց հայ բնակչությամբ տարածաշրջանի վրա:
Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին ես հարգանքի տուրք եմ մատուցում զոհերի հիշատակին: Ես հարգանքի տուրք եմ մատուցում ադրբեջանահայ փախստականներին: Ձեր տառապանքը հավերժացել է Լեռնային Ղարաբաղի ազատությամբ, ժողովրդավարական կառավարման, իրական մշակութային եւ կրոնական հանդուրժողականության եւ ամուր խաղաղության նրա փորձի միջոցով: Ժամանակն է, որպեսզի աշխարհը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դա միակ ճանապարհն է:



























