Բազմաթիվ եվրոպացի գեյեր, լեսբուհիներ, բիսեքսուալներ ու տրանսգենդերներ բախվում են խտրականության եւ դաժանության դրսեւորումների: Այս մասին ասվում է ԵՄ հիմնարար ազատությունների պաշտպանության գործակալության (FRA) անցկացրած հետազոտության մեջ: Հարցմանը մասնակցել է մոտ 93 հազար մարդ՝ ԵՄ 27 երկրներից եւ Խորվաթիայից:

Հարցվածների 26 տոկոսը հայտարարել է, որ վերջին 5 տարիներին իրենց վրա կամ հարձակվել են կամ խոսքով վիրավորել են:47 տոկոսի նկատմամբ ագրեսիան դրսեւորվել է վերջին 12 ամիսների ընթացքում:

Հետազոտության բազմաթիվ մասնակիցներ կարծում են, որ վերջերս տեղի ունեցած միջադեպերը կապված են իրենց սեռական կողմնորոշման հետ: Ընդ որում, հարցվածների 80 տոկոսն օգնության համար ոստիկանությանը չի դիմել, գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Deutsche Welle-ն:

FRA-ի փորձագետները՝ մեկնաբանելով հետազոտության արդյունքները, հայտարարել են, որ սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը տարածված է ամենուր եւ կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում, ասենք մարզասրահ, հիվանդանոց, գիշերային ակում, բանկ այցելելիս կամ բնակարան որոնելու ժամանակ:

«ԼԳՏԲ համայնքի  ներկայացուցիչները գրեթե ամեն օր վախի եւ մեկուսացման զգացում ունեն»,-ասված է գործակալության հետազոտությունում: