Երեւանում Մոսկվայի տան տնօրենի կողմից ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի վարքի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովին ուղարկված երկրորդ դիմումը վարույթ է ընդունվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ Էթիկայի հարցերով հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը: Նա նշեց, որ այդ հարցը հանձնաժողովում կներկայացնի ինքը:

Ի դեպ, պատգամավորն այժմ գտնվում է արտերկրում:

Հիշեցնենք, որ Էթիկայի հարցերով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովը Երեւանում Մոսկվայի տան տնօրենից դիմում-բողոք է ստացել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի վերաբերյալ, որպեսզի քննի նրա վարքը։  Այս դիմումը վարույթ չէր ընդունվել,  քանի որ չէր համապատասխանում օրենքի պահանջներին եւ առկա էին մի շարք խախտումներ, առաջարկվել էր երկրորդ դիմումը ներկայացնել` օրենքի պահանջներին համապատասխան:

Թե ինչ միջադեպ է եղել երիտասարդ պատգամավորուհու եւ Մոսկվայի տան տնօրենի միջեւ, Նաիրա Կարապետյանը եւս չի մանրամասնել: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հետեւյալը. «Շատ ցավում եմ, որ նման պաշտոն զբաղեցնող կինը զբաղվում է ապատեղեկատվություն եւ սադրանք տարածելով, սակայն նաեւ ուրախ եմ, որ նա այնուամենայնիվ դիմել է ոչ թե այն ոճին եւ տոնայնությանը, որով ինձ հետ էր խոսում, այլ՝ էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովն է այն մարմինը, որը կոչված է նման իրավիճակները պարզաբանելու եւ հանրությանը իրականությունը ներկայացնելու: Ըստ Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի՝ Էթիկայի հանձնաժողովի հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց: Կարծում եմ, սա հենց այն դեպքն է, երբ ես կառաջարկեմ անցկացնել նիստը դռնբաց, որպեսզի բոլորին պարզ լինի իրական պատկերը»: