Իտալական Սարդինիա կղզու ոստիկանությունը 400 կգ նամակ է հայտնաբերել տեղի փոստատարի տանը, որը վերջին մի քանի տարիներին ալարել էր նամակները հասցեատերերին հասցնել, հաղորդում է FP գործակալությունը` վկայակոչելով լրատվամիջոցներին:
Տեղի բնակիչները վաղուց բողոքում էին ոստիկանությանը, որ հարյուրավոր կարեւոր փաստաթղթեր անհետանում են` այդպես էլ չհասնելով հասցեատերերին, գործակալությանը պատմել է ոստիկանության ներկայացուցիչ Մորիս Ջիանի դի Կարլոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոստիկանությունը խուզարկել է փոստատարի տունը եւ ավտոտնակում հայտնաբերել չառաքված նամակների պահեստ: Որոշ ծրարներ 2009թ. են եղել: Ըստ տեղի հյուրանոցատիրոջ`փոստատարը, որի անունը չի նշվում, սիրում էր գիշերային խնջույքներ կազմակերպել եւ խմել: Փոստատարը քննիչներին չի կարողացել բացատրել, թե ինչու է իր մոտ թողել այդքան նամակները: Թեեւ փոստատարը նամակները տեղ հասցնելու մտադրություն չի ունեցել, իր ավտոտնակում նա դրանք դասակարգել է: Այժմ դատախազությունը նրան մեղադրում է նամակների գողության մեջ, տղամարդուն սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում:




























