«Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարան չստացած տուժած գնորդ Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի հետքերը տանում են դեպի Վլադիսլավ Մանգասարյանի պարտքերը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարան չստացած տուժած գնորդ Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի հեղինակների անունները արդեն բացահայտ հնչում են Կենտրոնի դատարանի դահլիճում: Մասնավորապես տուժած քաղաքացու բնակարանը այլ անձի հանձնելու կեղծ գործարքները այս գործով վերջին նիստում լիովին բացահայտեց հերթական վկան` Վլադ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանի հետ արդեն Լուսինե Գյուլխասյանին վաճառված բնակարանի առուվաճառքի պայմանագիր կնքած Արթուր Գալստյանը:
Հենց այստեղ է, որ պարզ է դարձավ, որ Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը: Իսկ Ռուբեն Մանգասարյանի եւ Արթուր Գալստյանի միջեւ բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից` բնակարանի իրական սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից` Հարթունյան ընտանիքին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթրփրայզես» ընկերությունից հայտնի Սեւակ Արզարունու միջեւ:
Իսկ ավելի ստույգ` վկա Արթուր Գալստյանը դատարանին հայտնեց, որ բնակարանի առուվաճառքի պայմանագիր կնքել է «Ջի Էյջ Սթորիջ Էնթփրայզս» ընկերության տնօրենի որդու լիազորված անձ հնդիսացող Սեւակ Արզարունու հանձնարարությամբ, քանի որ այդ ժամանակահատվածում աշխատել է այդ ընկերությունում: Արզարունին 2010 թվականի սեպտեմբերի 23-ին Արթուր Գալստյանին հանձնարարել է գնալ նոտարական գրասենյակ եւ կնքել բնակարանի առուվաճառքի մի ձեւական գործարք, որում պարզապես բնակարանն իր անունով է արվել եւ ավելի ուշ արդեն օտարվել է այլ անձի:
Արթուր Գասլստյանի խոսքով` ինքը հետագայում է պարզել, որ Սեւակ Արզարունին պետք է 2800 քառակուսի մակերեսով տարածք ստանար Վլադիսլավ Մանգասարյանին պատկանող «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ կողմից Դավիթաշենում կառուցվող մի բազմաֆուկցիոնալ շենքից, իսկ դրա համար որպես երաշխիք Արզարունուն տվել են Լուսինե Գյուլխասյանին պատկանող բնակարանը եւ եւս մեկ բնակարան նույն շենքի նույն հարկից, որն էլ արվել է ոմն Գագիկ Պապոյանի անվամբ:
Ավելի ուշ, երբ «Ջի Էյջ Սթորիջ Էնթփրայզս» ընկերությունում տնօրինության եկած Նարեգ Հարթունյանը պարզել է, որ իրենց որպես երաշխիք տրված բնակարանը «ՎՄԳ գրուպին» չի էլ պատկանում, այլ վաճառված է մեկ այլ անձի` ինչ-որ Արմեն Գալստյանի: Ըստ վկայի` Հարթունյանն այդ ժամանակ հանձնարարում է իր հաշվապահ Աթուր Գալստյանին գնալ եւ այդ բնակարանը փոխանցել որպես իրական սեփականատեր ի հայտ եկած Արմեն Գալստյանին, իսկ ավելի կոնկրետ` նրա մատնանշած անձ Գայանե Ստեփանյանին: Եվ Արթուր Գալստյանն այդպես էլ անում է:
Հիշեցնենք, որ այս գործով դատախազ Արման Հակոբյանը անդրադառնալով Ռուբեն Մանգասարյանի եւ Արթուր Գալստյանի միջեւ բնակարանի վաճառքին, քննիչին ուղղված իր ցուցման մեջ արձանագրել էր Ռուբեն Մանգասարյանի անարժանահավատ ցուցմունքը, թե իբր Էդուարդ Եսայանն իրեն վճարած չի եղել 2007թ. մարտ-ապրիլ ամիսների շինանյութի 200 հազար ԱՄՆ դոլարը, ինքը պարբերաբար զգուշացրել է եւ չստանալով գումարը, 2010թ, սեպտեմբերի 23-ին, 70.000 ԱՄՆ դոլարի չափով պարտքի դիմաց բնակարանն անվանափոխել է պարտատեր Արթուր Գալստյանի անվամբ: Հնարածին պարտքի առկայության վերաբերյալ իր ցուցմունքով, Ռուբեն Մանգասարյանը «մոլորության մեջ էր գցել» նախաքննության մարմնին եւ դրանով փորձել էր պատճառաբանել իր պահանջի իրավունքը, որի դիմաց էլ, իբր, հետագայում ձեռք է բերել Գյուլխասյանին հանձնման ենթակա բնակարանը: Իսկ դատարանում վկա Արթուր Գալստյանի ցուցմունքը հաստատեց, որ իրականում ոչ մի գումարային հարց էլ այս ամենում չի եղել: Նախ Լուսինե Գյուլխասյանին վաճատված բնակարանը Վլասդիսլավ Մանգասարյանը եղբոր ձեռքով անհատույց հանձնել է Արթուր Գալստյանին, իսկ հետագայում արդեն Արմեն Գալստյանի կողմից մատնանշված կեղծ գնորդ Գայանե Ստեփանյանին:
Այնպես որ այս գործով հաջորդ` մայիսի 23-ի նիստում դատարանում վկայություն կտան հենց Արմեն Գալստյանը եւ Գայանե Ստեփանյանը»:




























