Օհայոյում գործող GoSun ընկերությունը հնդկական Moonrider արտադրողի հետ համագործակցությամբ մշակել է Moonrider 27-ը՝ փոքր տնտեսությունների համար նախատեսված ամբողջությամբ էլեկտրական արևային տրակտոր։ Մշակողները կարծում են, որ լուծել են գլխավոր խնդիրը․ էլեկտրական տրակտորը վարդակից միացնելու կարիք չկա՝ էներգիան տալիս է հենց արևը։ Նորույթը վերացնում է ընթացքի պաշարի հետ կապված անհանգստությունը՝ շնորհիվ 1,1 կՎտ հզորությամբ արևային վահանակի, որը տեղադրված է անմիջապես խցիկի վերևում։ Ծածկը շարունակաբար լիցքավորում է 24 կՎտ⋅ժ տարողությամբ լիթիում-երկաթ-ֆոսֆատային մարտկոցը, քանի դեռ մեքենան դաշտում է, վերածելով ցերեկային լույսը լրացուցիչ աշխատանքային ժամանակի։
Փոքր տնտեսությունների համար սա կարող է դառնալ հիանալի ներդրում․ բավական է տրակտորը գործերի միջև արևի տակ թողնել, և հնարավոր է՝ այն շաբաթներով չպահանջի ո՛չ մալուխ, ո՛չ էլ դիզելային լիցքավորման կայան։ Մոտ 27 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչը համակցվում է լիաքարշակ համակարգի և ցածր պտույտների դեպքում բարձր ոլորող մոմենտի հետ։ Բացի այդ, այստեղ առկա են ստանդարտ հետևի 540 պտույտ/րոպե մեխանիկական հզորության ընտրիչ լիսեռ և եռակետ կախոց, հաղորդում է Techcult-ը։ Դա թույլ է տալիս նվազագույն ծախսերով օգտագործել գյուղատնտեսական սարքավորումների լայն տեսականի։
Moonrider 27-ի մեկնարկային գինը 19 995 դոլար է, ինչը մրցունակ է դիզելային սուբկոմպակտների համար՝ գործնականում զրոյական սպասարկման և վառելիքային ծախսերի բացակայության խոստումով։ «Փոքր տնտեսությունները չափազանց երկար ժամանակ ապավինել են աղմկոտ և թանկ դիզելային մեքենաներին, — ասում է GoSun-ի հիմնադիր Պ. Շերվինը։ — Մեր տրակտորով մենք ֆերմերներին հնարավորություն ենք տալիս բառացիորեն աշխատել արևի տակ՝ նվազեցնելով ծախսերը և պաշտպանելով հողն ու օդը»։
GoSun-ը 5 տարվա ընթացքում դիզելային մոդելների համեմատ գնահատում է խնայողությունը մոտ 15 000 դոլար։ Մատակարարումները կսկսվեն 2027 թվականի սկզբին, նախնական պատվերներն արդեն բաց են։ Այս տրակտորը չի փոխարինի խոշոր ֆերմայում օգտագործվող 300 ձիաուժ հզորությամբ կոմբայնին, սակայն մանր տնտեսությունների համար, որոնք հոգնել են արտանետումներից, դղրդյունից և շարժիչային վառելիքի աճող գներից, այն կարող է վերջապես ապահովել անհրաժեշտ առավելությունը՝ միավորելով էկոլոգիականությունն ու ֆինանսական գործնականությունը։





























