Մոսկվայի ոստիկանությունն առաջարկում է պարտադիր ավանդների ինստիտուտ ներդնել ներգաղթյալների համար, որպեսզի նվազեցնի նրանց Ռուսաստանից արտաքսելու ծախսերը: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողներին հայտնել է Մոսկվայի ՆԳ գլխավոր վարչության հասարակական կարգի պահպանության վարչության պետ Վյաչեսլավ Կոզլովը:
Նրա խոսքով՝ այդ առաջարկը քննարկվել է Պետական դումայում, «կլոր սեղանի» ժամանակ:
Պուտինին խորհուրդ են տվել երթեւեկել Նալչիկ-Կրասնոդար երեկոյան ավտոբուսով
«Անհրաժեշտ է, որպեսզի երկիր մուտք գործելիս, ներգաղթյալը գումար թողնի հետադարձ տոմսի համար եւ բժշկական ապահովագրություն ունենա: Օրինական ելքի դեպքում, այդ գումարը մենք կվերադարձնենք»,-պարզաբանել է Կոզլովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Տարվա սկզբից Մոսկվայի ոստիկանությունը կազմել է միգրացիոն օրենսդրության խախտման վերաբերյալ ավելի քան 17 հազար արձանագրություն, ասել է Կոզլովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նա հավելել է, որ միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար 27,8 մլն ռուբլու տուգանք է կիրառվել: Ռուսաստանից արտաքսվել է 1078 օտարերկրացի, հարուցվել է 61 քրեական գործ՝ ապօրինի ներգաղթ կազմակերպելու համար:
«Ապօրինի միգրացիայի դեմ պայքարը եւ էթնիկ հանցավոր խմբավորումների կողմից կատարվող հանցագործությունների բացահայտումը առաջնահերթ ուղղություններ են Մոսկվայի ոստիկանության գործունեության մեջ»,-ընդգծել է Կոզլովը:



























