Առաջին անգամ Եվրոպայի օրվա միջոցառումները կանցկացվեն Երեւանից դուրս` Գյումրիում, մայիսի 26-ին: Սա նաեւ նշանավորում է Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզեր ԵՄ ավտոբուսի շրջայցի մեկնարկը, որ կազմակերպում է Երեւանում ԵՄ կենտրոնը:

ԵՄ կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, թե Եվրոպայի օրվա տոնակատարությունները Գյումրիում կմեկնարկեն Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողների եւ դասախոսների հետ դեսպան Տրայան Հրիսթեայի հանդիպմամբ, որտեղ կքննարկեն ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու համագործակցությունը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Հրիսթեան ժամը 15:00-ին ցուցահանդես կբացի Գյումրու «Սթայլ» պատկերասրահում: Ցուցահանդեսում ներկայացված կտավները ստեղծվել են մայիսի 24-ին «Լույս գիշեր» ներկայացման ընթացքում վեց հայ արվեստագետների կողմից եւ ներկայացնում են եվրոպական արժեքների նրանց ընկալումները: Միաժամանակ նաեւ փոքրիկ տեղեկատվական տոնավաճառ կանցկացվի, որտեղ Շիրակի մարզում ակտիվ ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերը կներկայացնեն իրենց գործունեությունը: Միջոցառման ողջ ընթացքում կհնչի կենդանի երաժշտություն: Գյումրու թատերական հրապարակում կկայանվի ԵՄ ավտոբուսը` հնարավորություն ընձեռելով ավելին իմանալ Եվրոպական միության մասին հարցաշարերի, խաղիկների ու վիճակախաղի միջոցով, որ կներկայացնեն Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողները: Ցանկացած մարդ կարող է մասնակցել վիճակախաղին` հետաքրքրական մրցանակներով:

ԵՄ ավտոբուսը այդուհետեւ կլինի Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում մայիսի 26-31-ը: ԵՄ ավտոբուսը ԵՄ կենտրոնի շարժական տարբերակն է: