Այսօր՝մայիսի 29-ին, «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է երեկ՝ մայիսի 28-ին, Տաշիր-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի վիրավորներից եւս մեկը (ֆոտոռեպորտաժ): Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, մահացել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 54-ամյա Նորիկ Դավոյանը:
Ըստ ԱԻՆ տարածած վերջին հաղորդագրության, վիրավորների մեծ մասը տեղափոխվել են մայրաքաղաք. Նորիկ Դավոյանը եւ Մալխաս Հովսեփյանը տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր, Վահան Հովսեփյանը տեղափոխվել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Արգամ Պողոսյանը` Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծանր, Սուսաննա Նարգիզյանը` Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Արեւիկ Հովսեփյանը` Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Օլյա եւ Դիանա Հովսեփյանները` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ Օլյա Հովսեփյանի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ Դիանա Հովսեփյանինը` ծայրահեղ ծանր:
Այսօր առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաեւ երեխայի սպասող Նարգիզ Հովսեփյանը, ում վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, մայիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Երեւան-Տաշիր ավտոճանապարհին բախվել են «Opel Astra» մակնիշի 23 DD 414 եւ «Opel Vectra» մակնիշի 08 ՏՏ 864 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարից տուժածներից մեկը մահացել էր հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, մյուսը՝ 7-ամյա երեխան՝ հիվանդանոցում: եւս 5 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետ արդեն՝Վանաձորի եւ մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններ:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի




























