Վերջին տարիներին ռազմական հոգեբանության ոլորտում լուրջ աշխատանքներ են իրականացվել: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ներկա գտնվելով ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկած «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովում:
Գիտաժողովին մասնակցում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ռազմական եւ քաղաքացիական ուսումնական հաստատությունների ղեկավարներ ու ոլորտի մասնագետներ:
Բացման խոսքում ՀՀ ՊՆ առընթեր Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը նշել է, որ գիտաժողովի նպատակն է համախմբել ռազմական հոգեբանության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների գիտական ներուժը եւ գործնականորեն կիրառել այն ոլորտի կայացման աշխատանքներում: Նախարար Սեյրան Օհանյանը իր ելույթի ընթացքում ընդգծել է, որ ռազմական հոգանության ոլորտի զարգացումը իրականացվում է ռազմական բարեփոխումներ շրջանակներում եւ շարունակական բնույթ է կրելու. «Այսօր ՀՀ զինված ուժերում մենք գտնվում ենք հոգեբանական ծառայության կայացման ճանապարհին: Դրա համար հարկավոր է զորամասերում բացել համապատասխան հաստիքներ եւ հետեւողական ջանքեր ներդնել, որպեսզի մինչեւ վերջ կարողանանք ձեւավորել այս համակարգը: Արցախյան պատերազմի ժամանակ տարած հաղթանակը հոգեբանական մեծ առավելություն ունի, որը պետք է պահպանել»,- նշել է Սեյրան Օհանյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գիտաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ քննարկումներ` հույս հայտնելով, որ դրանք բեղումնավոր արդյունքներ կտան:
Գիտաժողովում ելույթ է ունեցել նաեւ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով նշել է, որ բարոյական խնդիրները մեր հասարակության անբաժանելի մասնիկն են կազմում, իսկ նախազորակոչային եւ զորակոչային փուլում երիտասարդների մոտ հոգեբանական խնդիրները բազմաթիվ են ու խոցելի: Արամ Սիմոնյանը նաեւ կարեւորել է պաշտպանության նախարարության ջանքերը` զինված ուժերում ռազմական հոգեբանության խնդիրների լուծմանն ուղված հարցերում գիտուսումնական հաստատությունների հետ համագործակցելու ուղղությամբ:



























