Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ԵԽԽՎ-ի դեմ ուղղված բողոքի ակցիա է անցկացնելու:

Հայտարարությունում նշվում է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում տեղ գտած ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման պատճառներից մեկը հանդիսանում է վերոնշյալ երեւութների նկատմամբ միջազգային հանրության` տվյալ պարագայում ԵԽԽՎ-ի ոչ համաչափ արձագանքը, մայիսի 31-ին` ժամը 13:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունենալու ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միությունը կանցկացնի բողոքի ցույց:

ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են,թ ե ցույցը տեղի կունենա հետեւյալ պահանջներով`

Պահանջել ՀՀ-ում գործող իշխանություններից ձեռնարկել կոնկրետ քայլեր 2008 թվականի Մարտի 1-ին իրագործված սպանդը բացահայտելու եւ մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով

-Անհապաղ արձագանքել վերջին` Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում տեղ գտած ապօրինություններին

-Դատապարտել իշխող հանրապետական կուսակցության կողմից բոլոր տեսակի ընտրությունների հետեւողական կեղծումը, քաղաքացիների ահաբեկումը, ընտրակաշառքի բաժանումը

-Պահանջել դադարեցնել քաղաքական հետապնդումը Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ, եւ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին:

Տվյալ արատավոր երեւույթենրի հանդուրժումը թույլ է տալու ՀՀ քաղաքացիներին ենթադրելու, որ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովը Սերժ Սարգսյանի ոչ օրինակարգ իշխանության հետ ձեռք է բերել հանցավոր համաձայնություն Հայաստանը թալանելու գործում:

Կոչ ենք անում անարձագանք չթողնել ՀՀ-ում տիրող իրավիճակը եւ հավատարիմ մնալ ԵԽԽՎ-ի կողմից որդեգրած սկզբունքներին, նպաստել Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնման եւ իրական ժողովրդավարության կայացման գործին:

Կոչ ենք անում նաեւ ՀՀ-ում գործող բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, քաղաքական ուժերին եւ Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներին միանալ բարձրացված պահանջներին եւ ներկա գտնվել բողոքի ցույցին»: