Այսօր՝ մայիսի 29-ին Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Կնուտ Հաուգեին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին հայ-նորվեգական միջպետական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում: Արձանագրելով հայ-նորվեգական հարաբերությունների ակտիվացումը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը եւ փոխգործակցությունը միջազգային կառույցներում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Նորվեգիայի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը:

Դեսպան Հաուգեն շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար: Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը` դեսպանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը թե երկկողմ եւ թե բազմակողմ ձեւաչափերում: Նա համոզմունք է հայտնել, որ համագործակցության մեծ ներուժ կա նաեւ տնտեսության ոլորտում: