Կուլմինացիայից հետո միշտ անկում է առաջանում, հետո էլի վերելք է լինում: Այս մասին, այսօր` մայիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն՝ արձագանքելով հետընտրական անկումային իրավիճակին:
Նրա խոսքով՝ ընտրություններից հետո եւ ընտրվողները, եւ չընտրվողները հոգնում են, բացի այդ ամռանը քաղաքական կյանքը պասիվանում է, քանի որ համընկնում է արձակուրդների հետ: Հարությունյանը կանխատեսեց, որ աշնանը քաղաքական կյանքը կակտիվանա, հատկապես մամուլի համար:
Խոսելով գազի թանկացումից, իշխող ուժի ներկայացուցիչը նշեց, որ միջազգային պրակտիկայում նման ռեսուրսներ ունեցող պետություններին հաճախ են մեղադրում սակագների միջոցով ճնշումներ գործադրելու մեջ, սակայն ինքը չի կարծում, որ Ռուսաստանն այս դեպքում ճնշում է գործադրում իր ռազմավարական դաշնակցի վրա՝ հանձինս Հայաստանի:
Նա համոզված է, որ արտաքին քաղաքականության մեջ սխալ քայլ չենք կատարել, որ Ռուսաստանը մեզ դրա համար պատժի: «Կարծում եմ, որ նախագահը վարում է հավասարակշռված քաղաքականություն եւ ամեն ինչ անում է, որ այդ ամենը ծառայի Հայաստանի շահերին»,- ավելացրեց Համլետ Հարությունյանը:
Հարցին, թե այս դեպքում պե՞տք է Գյումրիի ռուսական ռազմաբազաների տեղակայման հարցը վերանայել, Հարությունյանը պատասխանեց, որ ինքը կողմ է բանակցություններին, ոչ թե՝ վերջնագրերին:
Իսկ իրանական գազի գինը, նրա փոխանցմամբ, ավելի թանկ է, քան՝ Ռուսաստանինը: ԱԺ պատգամավորը ստեղծված իրավիճակը մեղմելու համար առաջարկում է Հայաստանում ջերմային էներգիայի պաշարներն ակտիվացնել:




























