Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց` կալանքը, երկարացրել է եւս երկու ամսով:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Փաստաբանը պատրաստվում է դատարանի այս որոշումը բողոքարկել Վերաքննիչ ատյանում, թեեւ առանձնակի հույսեր չունի: Նա շեշտեց, որ ամբողջ մեղադրանքը կառուցել են անտիմոնի հայտնաբերման վրա եւ դրա հիման վրա մարդուն սպանության մեղադրանք են ներկայացրել, մինչդեռ «ումից ասես, կարող են անտիմոնի հետք հայտնաբերել»:

Փաստաբանի կանխատեսմամբ` կերկարացնեն նաեւ Արայիկի եղբոր` Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով արգելանքից ազատված, այնուհետեւ մեկ այլ գործի շրջանակներում կալանավորված Արտակ Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:

Ինչ վերաբերում է երկու եղբայրների  նկատմամբ ընտրված խափանման միջոցի բողոքարկմանը Վճռաբեկ դատարանում, ապա Գիվի Հովհաննիսյանը, վստահ է, որ բողոքը հետ կվերադարձնեն եւ ոչինչ էլ չեն փոխի:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ)  եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել:

Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում էր նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը:

Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանն ազատվել էր արգելանքից: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:

Արգելանքից ազատվելուց օրեր անց Արտակ Պետրոսյանը ձերբակալվել, ապա` կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով: Դա կապված է սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա ՀՀԿ-ական մրցակից Արթուր Մուրադյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետ, այդ ժամանակ նա դեպքի վայրում է եղել: