Հայաստանի անվտանգությունը գերակա խնդիր է: Այդ մասին մայիսի 30-ին հայտարարել է հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները, թե իր երկրի բնակչությունը կարող է տասը անգամ ավելի լինել Հայաստանի բնակչությունից, Բաղդասարյանը նշել է, թե նման հայտարարությունները հետապնդում են երկու նպատակ` ներքին օգտագործման եւ արտաքին լսարանի համար: ԱԱԽ քարտուղարը նշել է, թե Իլհամ Ալիեւը չպետք է մոռանա, թե որքան մարդ է այսօր հեռանում իր երկրից: Ըստ Բաղդասարյանի, ցանկացած դեպքում Հայաստանի համար արդիական է «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» ասացվածքը, եւ հանրապետությունը պետք է ամեն օր ամրապնդի պաշտպանական հզորությունը:
Մեկնաբանելով արտագաղթի բարձր տեմպերը` Բաղդասարյանը նկատել է, թե հարցը, իհարկե, մտահոգություն է հարուցում, բայց արտագաղթ գոյություն ունի բոլոր երկրներում եւ պատճառները բազմազան են: Այդ առումով նա համաձայն չէ, թե «Հայրենակիցներ» ծրագիրը խթանում է արտագաղթը դեպի Ռուսաստան: Եթե նման ծրագիր չլիներ, արտագաղթ չէ՞ր լինի»,- ասել է Բաղդասարյանը` նկատելով, որ նման ծրագրեր Ռուսաստանն իրականացնում է բազմաթիվ երկրներում:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























