«Վթարից հետո անմիջապես իջել եմ մեքենայից… դիմացս տեսել եմ այդ մեքենան, ասեցի՝ շրջվիր, ինձ տար կառավարություն»,- այդ մասին այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով մայիսի 29-ին իր ծառայողական մեքենայի հետ տեղի ունեցած վթարին: «Իմ մեքենայի վիճակը չգիտեմ, չեմ էլ նայել, զգացի, որ վարորդս իրեն նորմալ է զգում, մյուս վարորդն էլ իջել էր... Հարվածը դժվար է ասել, ուժեղ էր, թե՝ ոչ, վախի զգացում չունեմ, ԱՊՊԱ-ն չգիտեմ վնասը որքան է գնահատել»,- ասաց Հ. Թովմասյանը:

Նրա տեղեկացմամբ՝ մյուս վարորդը գրավոր ընդունել է մեղավորությունը: Դեպքը տեղի է ունեցել Զաքյան փողոցի վրա, որտեղ ռուսական դեսպանատան կողմից գալիս աջ թեքում կա դեպի Վճռաբեկ դատարանի բակ: Այդ հատման վայրում Զաքյան մտնող մեքենան իրավունք չունի ձախ շրջադարձ կատարել, պետք է միայն աջ թեքվել, այնինչ վթարի մեղավոր վարորդը ձախ է շրջվել:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Volkswagen մակնիշի մեքենան, խախտելով երթեւեկության կանոնները, բախվել է ՀՀ արդարադատության  նախարար Հրայր Թովմասյանի  ծառայողական Toyota Camry ավտոմեքենային, տուժողներ չկան: