Գյումրիի կենտրոնական փողոցներում ավտոկայանատեղիների խնդրով հարուցված քրեական գործը կապ չունի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը մեկնաբանեց, որ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել էր, դրանից հետո Գյումրիի քաղաքապետարանը բողոքարկել էր այդ որոշումը դատարանում եւ դատարանը պարտավորեցրել էր հարուցել քրեական գործ, այժմ կատարել են դատական ակտը, իսկ քննությունը կպարզի մնացած հանգամանքները:

«Եթե անձի դեմ, որը այդ կայարանատեղին շահագործել է, գործ է հարուցված դատարանի որոշման հիման վրա, որը պարտավորեցրել է, որ հարուցվի քրեական գործ, ի՞նչ կապ ունի Վարդան Ղուկասյանը, ես ուղղակի չեմ հասկանում այդ «հրահրոցը» վերջ պիտի ունենա՞, թե՞ ոչ: Տարոն Գասպարյանի դեմ է հարուցված քրեական գործը, քաղաքապետարանը բողոքարկել է, դատարանը նյութերով մերժման որոշումը վերացրել է, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, թե ինչ կլինի արդյունքում` մեղադրական եզրակացություն կկազմվի, թե կկարճվի, պարզ կլինի, ի՞նչ կապ ունի Վարդան Ղուկասյանը եւ նորանշանակ դատախազը»,- նշեց նա:

Հարցին, թե այդ տարածքները Վարդան Ղուկասյանին չեն պատկանում եւ նա դրանք պարզապես չի գրանցել մեկ այլ անձի անունով, դատախազն ասաց, որ այս պահին քննությունը նման տեղեկություններ չի տիրապետում: «Ցանկացած արարք կատարած անձ, ազգանունը լինի Շահբազյան, Ղուկասյան, թե Պողոսյան, Սիմոնյան, կստանա համապատասխան իրավական գնահատական: Դատախազ Շահբազյանը անձանց հետապնդումներով չի զբաղվում` ելնելով իրենց ազգանուններից: Դատախազ Շահբազյանը նման աշխատաոճ չունի»,- ասաց Շիրակի մարզի դատախազը:

Նշենք, որ «Առավոտը» գրել էր, որ Վարդան Ղուկասյանը թեեւ ութ ամիս է՝ քաղաքապետ չէ, սակայն շարունակում  է տեր կանգնել քաղաքի եկամտաբեր որոշ ոլորտների։ «Օրինակ՝ նախկին քաղաքագլուխը Գյումրիի ներկայիս իշխանություններին ոչ մի կերպ չի զիջում քաղաքի տարբեր հատվածներում՝ կենտրոնական շուկայի մոտ, Հաղթանակի պողոտայում եւ 15 այլ վայրերում գտնվող ավտոկայանատեղիները։ Այդ հողատարածքները պարոն Ղուկասյանը 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել կամ, որ ավելի ճիշտ է, ձեւակերպել է մեկ անձի՝ Տարոն Գասպարյանի անուն-ազգանվամբ։ Մեկ ժամի դիմաց մեքենայատերերից 100 դրամ գանձելով՝ նախորդ քաղաքապետի տարեկան եկամուտը, մոտավոր հաշվարկներով, կազմում է 200.000 դոլար։ Գյումրիի ներկայիս փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը, համոզված լինելով, որ նախորդները զբաղված են ինքնիրավչությամբ, յուրացնում են տեղական տուրքը, դիմել է իրավապահ մարմիններին։ Շիրակի նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանն էլ, թեեւ մեծ դժվարությամբ, այդուհանդերձ հանձնարարել է քրեական գործ հարուցել»,- գրում է «Առավոտը»: 

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am