«Ես ցավում եմ, որ Ազգային Ժողովում ինտելեկտուալ պատգամավորներից մեկն ուժի դիրքերից է խոսում»,,- այդ մասին այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի կառավարության  ծրագրի քննարկումների ժամանակ ունեցած ելույթին: Այդ ելույթի ժամանակ Վ. Հովհաննիսյանը, դիմելով իրենից առաջ ելույթ ունեցած Արմեն Աշոտյանին եւ Հրայր Թովմասյանին, հայտարարել էր. «Եթե ընտրություններում ձեր թեկնածությունն առաջադրեք, ու ձեզ չպաշտպանի հանրապետության նախագահը, ոստիկանությունը, բանակը, դուք մեր ժողովրդի մեջ մի ձայն անգամ չեք հավաքի, ձեզ այնքան կծեծեն դալաններում, տղերք, որ դուք կարտագաղթեք»:

Ի պատասխան Հ. Թովմասյանն ասաց հետեւյալը. «Եթե ինձ է վերաբերում, իմ մասով կասեմ, թող հետեւից, թե դեռեւս 12 տարի առաջ, երբ ինձ ընդհանրապես ոչ ոք չէր սատարում, ես իմ ընտրատարածքում որքան ձայն եմ հավաքել: Ինքն ընդհանրապես որեւէ ընտրատարածքում երբեւէ այդքան ձայն հավաքե՞լ է, թե՞ ոչ: Եւ թող հետեւի, թե այն ընտրատեղամասերում, որտեղ ինքն է քվեարկում, իր կուսակցությունը որքա՞ն ձայն է ստացել, եւ իմ կուսակցական դառնալուց հետո իմ կուսակցությունը որքան է ստացել»: