Ռուսաստանում հունիսի 1-ից ուժի մեջ են մտել հակածխախոտային օրենքի նոր դրույթները:
Նոր դրույթների համաձայն՝ արգելվում է ծխել աշխատավայրում, մետրոյում, քաղաքային եւ մերձքաղաքային տրանսպորտում, օդանավակայաններում, մանկական խաղահրապարակներում, աստիճանավանդակներում եւ ավտոբուսի կանգառներում: Թռիչքից առաջ սիգարետ ծխելը թույլատրվում է միայն տերմինալից 15 մետր հեռվում, հայտնում է Vesti.ru-ն:
Հակածխախոտային օրենքի համաձայն՝ արգելվում է նաեւ սիգարետի գովազդը: Թերթերում ու ամսագրերում սիգարետների նկարներ չեն տպվի, ֆիլմերում եւ թատերական ներկայացումներում ծխող կերպարների չեն ցուցադրի:
Սկզբի համար օրինախախտներին բանավոր նկատողություն կարվի: Բայց հետագայում նախատեսվում են վարչական արձանագրություններ: Հակածխախոտային օրենքը քաղաքացիներին սիգարետի կործանարար ազդեցությունից պաշտպանելու նպատակ է հետապնդում: Վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանում ծխելու հետեւանքով տարեկան 400 000 մարդ է մահանում:




























