Երեւանում մեկնարկել է «Համագործակցություն-2013» խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնը։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցացիան։

«Ապարրել» ասոցիացիայի փոխնախագահ Նիկոլայ Բուդյուկինը տեղեկացրել է, որ իրենք շուրջ երեք տարի պատրաստվել են այս ծրագիրն իրականացնելու համար։ Մարաթոնը կյանքի կոչելու համար իրենց կազմակերպությունը դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Նիկոլայ Բուդյուկինը խոստովանել է, որ չէին սպասում, որ ՀՀ նախագահը կարձագանքի։ Նա իր երախտագիտությունն է հայտնել հանրապետության նախագահին եւ կազմակերպիչներին ծրագիրը կյանքի կոչելու համար՝ ավելացնելով, որ սա իրենց համար պատմական իրադարձություն է:

Սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնն անցկացվում է հունիսի 2-9-ը։ Ռուսաստանից, Ուկրաինայից ժամանած հաշմանդամություն ունեցող ավելի քան 20 երիտասարդներ Հայաստանում կքննարկեն իրենց խնդիրները, կներկայացնեն դրանց լուծման սեփական փորձը։ Ծրագրի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ. մասնավորապես, մասնակիցները կայցելեն Մայր Հայաստան հուշահամալիր, ծաղիկներ կդնեն Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ։ Կհրավիրվի «Կլոր սեղան» ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, ծրագրի մասնակիցները կայցելեն Հայեց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, հանդիպում կունենան հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող երիտասարդական ՀԿ-ների հետ։

Կկազմակերպվի նաեւ հաշմանդամություն ունեցող եւ ոչ հաշմանդամ անձանց երթ Երեւանի փողոցներով (անվասայլակներով, հեծանիվներով եւ այլն), ինչպես նաեւ՝ ֆլեշ-մոբ ակցիա Հյուսիսային պեղոտայում: