Այսօր՝ հունիսի 4-ին՝ «Համագործակցություն-2013» խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշել է, որ մարաթոնի մասնակիցներն իրենք են առաջարկել, որպեսզի առաջին իրենց այցելությունը լինի Հայաստանի կարեւորագույն վայրերից մեկը, եւ ընտրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը։ 

Սայլակով հաշմանդամների աշխարհի գեղեցկուհի, Ռուսաստանը ներկայացնող 29-ամյա Քսենյայի տպավորություններն աննկարագրելի են։ Ըստ նրա՝ Երեւանը ջերմ, հյուրընկալ քաղաք է։ «Ձեր մայրաքաղաքը տիպիկ եվրոպական քաղաք է՝ շատ լավ հարմարեցված սահմանափակ կարողություններ ունեցող անձանց»,- նկատել է Քսենյան։ 

Հիշեցնենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի շրջանակներում Հայաստան են ժամանել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հաշմանդամություն ունեցող ավելի քան 20 երիտասարդներ։ Մարաթոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցիացիան։