Երեւանում, այսօր՝ հունիսի 4-ին, հանդիպել են շուրջ 30 ոստիկանության աշխատակից, քաղաքացիական հասարակության եւ միջազգային հանրության ներկայացուցիչներ ՝ քննարկելու համար Հայաստանում հասարակական կարգի պահպանության բարեփոխումների եղանակները, մասնավորապես՝ փողոցներում եւ հանրահավաքների  ժամանակ պարեկային ծառայության:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից հրավիրված ոստիկանության հարցերով փորձագետը, որը տարիներ շարունակ դիտորդել էր Հայաստանի ոստիկանության կողմից հասարակական կարգի պահպանությունը, մասնակիցների հետ կիսել է իր տեսակետները:

Հիմնվելով զանգվածային միջոցառումների ժամանակ արված տեսանյութի վրա՝ մասնակիցները փորձել են լուծումներ առաջարկել այդպիսի իրավիճակներում ոստիկանության ծառայողների կողմից կարգուկանոն պահպանելու հնարավոր միջոցների վերաբերյալ: Ի հավելումն վերոհիշյալ գործողությունների՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց, ԵԱՀԿ գրասենյակի պատվերով իրականացված, հանրահավաքների ժամանակ հավաքների ազատության պահպանության  դիտարկման արդյունքները:

Գրասենյակը նախատեսում է նաեւ կազմակերպել դասընթաց 2013թ. հունիսի 6-7-ին, որը պարեկային ծառայության հատուկ գումարտակի նոր աշխատակիցներին կտա հիմնավոր գիտելիք՝ հանրային միջոցառումների ժամանակ պատշաճ ուժ կիրառելու մասին եւ նրանց կսովորեցնի հաղորդակցային եւ բանակցային հմտություններ: