Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ, դեռեւս 2012-ի աշնանը, գույքագրվել է մանկապարտեզների հնամաշ կամ պակասող գույքը, ինչի արդյունքում կազմվել է անհրաժեշտ գույքի տեսականու ու քանակի ցանկը։ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ մանկապարտեզները գույքով համալրելու 2013 թվականի ծրագիրն աննախադեպ է. ներառված են բոլոր մանկապարտեզները եւ ցուցակագրած գույքը ստանալու են ամբողջությամբ։

2013 թվականի՝ մանկապարտեզները նոր գույքով ապահովելու համալիր ծրագրում ներառված է էլեկտրական տեխնիկա՝ սալօջախ,  սառցախցիկ, սառնարան, մսաղաց, թե՛ կրտսեր ու թե՛ ավագ տարիքային խմբերի համար՝ կոշտ կահույք՝ 2313 սեղան եւ 10.000 աթոռակներ եւ այլն։ Եռահարկ մահճակալների նախատեսված 1859 հատից 1150-ն արդեն մանկապարտեզներում է։ Ամբողջությամբ բաշխվել են զգեստապահարանների խմբաքանակը՝ 1253 հատ եւ  խոհանոցային պարագաները. մասնավորապես՝ 1894 հատ տարբեր տարողության արծնապատ կաթսաներն ու թեյնիկները, ինչպես նաեւ գդալների 274 հավաքածուն՝ յուրաքանչյուրը 12 հատ պարունակությամբ։ Մանկապարտեզներին արդեն բաշխվել են նաեւ բոլոր 88 սառցախցիկները, 101 մսաղացները, ինչպես նաեւ արդեն ձեռքբերված 94 սալօջախներից 48-ը։