Հայաստանի ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, այսօր՝ հունիսի 4-ին, քննարկվել է գյուղատնտեսության, բնապահպանության եւ ջրային տնտեսության ոլորտներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության  2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց վերը նշված ոլորտների կատարողականի հիմնական ցուցանիշները, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիգորի Բաղիյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության  պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը համապատասխան ոլորտներում իրականացված ծրագրերի ու ծախսերի վերաբերյալ հանդես եկան առավել հանգամանալից հաշվետվություններով:

Գյուղատնտեսության նախարարության ծախսերը կազմել են 10,23 մլրդ դրամ կամ ծրագրվածի 96,8%-ը: Կատարված հատկացումների հաշվին իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում 2011 թ.-ի համեմատությամբ 2012թ.-ի համախառն արտադրանքն ավելացել է 9.5%-ով: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ծախսերը կազմել են 798.7 մլն դրամ կամ ծրագրվածի 93.2%-ը:

2012 թվականին շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում պետական բյուջեի ծախսերը կազմել են ավելի քան 7 մլրդ դրամ կամ ծրագրով նախատեսվածի 110.5.%-ը: Ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանավորված է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Սեւանա լճի բնապահպանական դրամաշնորհային ծրագրի կատարողականով:

2012 թ.-ին ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացրել է 26 ծրագիր: Նախարարության ծախսերի կատարողականը կազմել է 97.2%, ինչը պայմանավորված է ծրագրերի իրականացման ժամանակ մրցույթային գործընթացներից առաջացած տնտեսումներով: Նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերը կազմել են 823 մլն դրամ:

ՀՀ գլխավոր գանձապետի տեղեկացմամբ՝ հաշվետու տարում ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվել է 31 մլրդ 750 մլն դրամ, որից օգտագործվել է 29 մլրդ 525 մլն դրամը՝ ապահովելով 93% կատարողական: